«Ինչպե՞ս կարող էր նման բան հորինվել, որ Հայաստանում որևէ վարչական շրջանում տեղի են ունեցել ինչ-որ անկարգություններ, որոնցում, իբր, ներգրավված է եղել Ռուսաստանի դեսպանատունը։ Ես նույնիսկ դժվարությամբ եմ պատկերացնում, թե ինչպես կարող է սա պատահել»,- մայիսի 6-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հայ լրագրողի հարցին:               
 

Փաշինյանի նախաձեռնած սահմանադրական գործընթացը պետք է տապալվի

Փաշինյանի նախաձեռնած սահմանադրական գործընթացը պետք է տապալվի
22.04.2025 | 18:07

Սահմանադրական դատարանի նախագահը երեկ հայտարարել է՝ Հայաստանի Մայր օրենքը տարածքային պահանջ չի պարունակում ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև որևէ այլ երկրի նկատմամբ: Արման Դիլանյանը «Ազատության» հետ զրույցում տարածքային պահանջների վերաբերյալ ադրբեջանցի պաշտոնյաների մեղադրանքները որակել է սին՝ հատուկ ընդգծելով, թե այն մինչև հանրաքվեի դնելը փորձաքննությունների է ենթարկվել այդ թվում միջազգային կառույցներում:

Ամիսներ առաջ, երբ Սահմանադրական դատարանը քննում էր սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի սահմանադրականության հարցը, որոշել էր՝ Անկախության հռչակագրի միայն այն դրույթներն ունեն Սահմանադրության նորմի ուժ, որոնք տեղափոխվել են հռչակագրից Սահմանադրություն: Երեկ Բարձր դատարանի նախագահն ընդգծել է՝ Սահմանադրության նախաբանը հռչակագրի մաս չէ:

ՍԴ նախագահի այս սպառիչ բացատրությունները, թերևս, փակում են Բաքվի պահանջով նոր Սահմանադրություն ընդունելու օրակարգը:

Բայց անդրդվելի են մնում ոչ միայն Բաքվի պաշտոնյաները, այլև նրանց հիմնական խոսափողի վերածված Նիկոլ Փաշինյանը, ով տառացիորեն օրեր առաջ պնդեց, թե Սահմանադրության նախաբանից պետք է հանվի Անկախության հռչակագրին արվող հղումը:

Բայրամովը, Ամիրբեկովը շարունակում են պնդել, թե Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցը բանակցային գործընթացում քննարկվել է դեռ 2022թ-ից: Փաշինյանն այս պնդումը չի հերքում:

Այս իրավիճակը Հայաստանի համար խիստ վտանգավոր պատկեր է ստեղծում, որովհետև Փաշինյանի թեթև ձեռքով Հայաստանի Սահմանադրության հարցը դարձել է բանակցային գործընթացի մաս:

Եթե Բաքվի պահանջն ընդունվի, Հայաստանը վերածվելու է ադրբեջանական ենթապետության:

Մեր հասարակության կանխատեսելի «Ոչ»-ը նույնպես վտանգներ է ստեղծում, որովհետև Բաքվում դա ներկայացվելու է որպես Հայաստանի ժողովրդի «ռևանշիզմի» դրսևորում՝ դրանից բխող վտանգավոր հետևանքներով:

Եվ ուրեմն, քաղաքական ուժերի խնդիրն է՝ բոլոր հասանելի միջոցներով հասնել նրան, որ Փաշինյանի նախաձեռնած սահմանադրական գործընթացը տապալվի:

Մեկ տարի առաջ այս հարցով «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությանը հաջողվել էր քաղաքական լայն կոնսենսուս ձևավորել, առաջիկա օրերին կներկայացնենք մեր պատկերացրած գործընթացի «Ճանապարհային քարտեզը»:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 3563

Մեկնաբանություններ